«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մասնակցել է «Ժառանգության» հրավիրած հանրահավաքին: Լրագրողի` «Հայաստանի խորհրդարանը 103 քվեով՝ ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրին, ինչպե՞ս եք վերաբերվում ձայների այսքան մեծ հարաբերակցությամբ որոշման ընդունմանը և ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը» հարցին ի պատասխան Արամ Սարգսյանն ասել է. «Միանշանակ բացասաբար: Այն մարդիկ, ովքեր կողմ են քվեարկում նման պայմանագրին՝ կուզեի հիշեն՝ ո՞ր երկիրն է, որ Թուրքիայի հետ այժմ ռազմավարական գործընկերություն է սկսում և «Հյուսիսային հոսքը» փոխարինում «Թուրքական հոսքով», ո՞ր երկիրն է Հայաստանի հետ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին զենք վաճառում և հրավիրում Մաքսային միություն, ո՞ր երկիրն է, որի փոխարժեքը 1 ամսում մինչև 62 % արժեզրկվել է: Եթե այս ամենը հաշվի առնելուց հետո նրանք կանգնում են այդ փլվող շենքի քարերի տակ, ուրեմն դա իրենց պրոբլեմն է: Այն, ինչ նրանք հաստատեցին իրենց վավերացմամբ, ցույց տվեց, որ քաղաքական առումով հակված են, որ այսուհետ Հայաստանում նշանակումներ լինեն Կրեմլից, Ռուսաստանի նախագահը նշանակի իրենցից որևէ մեկին, և այդ առումով ցանկացած ելք գտան հիմնավորելու իրենց կողմնորոշման ճշմարտացիությունը: Իրականում պայմանագրին միանալը անվերադարձ չէ, այդ միությունը կկայանա, թե ոչ՝ շատ մեծ հարցական է, որովհետև հաշվի առնելով վերջին շրջանում Բելառուսում ու Ղազախստանում տիրող իրավիճակը, ՌԴ-ում օր օրի խորացող ճգնաժամը՝ այդ պայմանագրին միանալը դեռ չի նշանակում միությանը միանալ, իմ կարծիքով՝ այն դժվար էլ կայանա»:
«Այդ ընդդիմադիր ուժերը ՌԴ-ին դեմ չեն խոսում, որովհետև մտածում են, որ Պուտինը կարող է հաջորդ նախագահ իրենց նշանակել և իրենք ավելի լավ կծառայեն Պուտինին, քան Սերժ Սարգսյանը: Այդ պարագայում, եթե Մաքսային միությունը կայանալու է, այնտեղ ենք մտնելու, ինչ կապ ունի, թե ով է ՀՀ նախագահը, իրականում ՀՀ նախագահը Պուտինն է: Զարմանում եմ, թե այդ ուժերին ինչով ձեռնտու չէ Սերժ Սարգսյանը: Իրենք բոլոր գլխավոր հարցերում նույն տեսակետին են, ուղղակի ասում են՝ երբ մենք լինենք, ավելի լավը կլինենք, ու վերջ»՝ ասել է Արամ Սարգսյանը ի պատասխան «Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ընդամենը 10 հոգի դեմ քվեարկեց ԵԱՏՄ-ին անդամակցելու փաստաթղթին, երբ ԱԺ-ում 4 ընդդիմադիր խմբակցություն կա» հարցի: Հանրահավաքներում ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի նախագահի հրաժարականի կոչերից հետո կողմ քվեարկելը Սերժ Սարգսյանի միանձնյա որոշմանը «Հանրապետության» նախագահին չի զարմացրել. «Իրենք ոչ միայն կողմ քվեարկեցին, այլև համարեցին, որ հրաշալի քայլ է արված, և սա միակ ճիշտ լուծումն է: Ես զարմանում եմ, թե ինչու են նրանք քննադատում Սերժ Սարգսյանին, երբ գաղափարական առումով իրարից չեն տարբերվում: Նրանք համամիտ են այդ գաղափարներին, ուղղակի ասում են, որ այդ գաղափարին իրենք ավելի լավ կծառայեն: Իսկ այն արժեքները, որոնք այդ կուսակցություններն ամրագրել են իրենց կուսակցական ծրագրերում, իրենց համար գրոշի արժեք չունեն: Օրվա մեջ փոփոխվող արժեքներ են՝ ամեն գնով իշխանության հասնելու, ամեն գնով իշխանության տեր կանգնելու համար և այդ առումով նրանք ՀՀԿ-ից ոչնչով ավելի չեն: Իմ կարծիքով՝ նույնիսկ ավելի վատն են, քանի որ խաղում են ժողովրդի նուրբ ցանկությունների, նուրբ հոգեբանական վիճակի վրա: Մի երկրում, որտեղ տարբեր ռուս չինովնիկներ գալիս և ասում են՝ գիտեք, եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ չդառնա, Հայաստան ընդհանրապես չի լինի: Գործող իշխանությունը չի ասում, որ ինքը մեխի գլուխ չէ, Հայաստան կա ու կլինի, ընդդիմությունն էլ ասում է՝ ճիշտ են ասում: Այդ ընդդիմությանը անուն տալը ինձ համար չափազանց բարդ խնդիր է, և այս իրավիճակում մեր հասարակությունը, որ ցեղասպանություն է տեսել, վերջին հարյուրամյակում լուրջ փորձությունների միջով է անցել, զգուշավոր է, նայում, հետևում է այս ամեն ինչին և հետևություններ է անում: ՈՒ այս պարագայում մեր խնդիրը բարդ է: Այս պարագայում է, որ այսօրվա հանրահավաքին մարդկանց այս բազմությունն է եկել, բայց հավատացեք, որ տանը նստած 50 %-ից ավելի մարդ համամիտ չէ իրենց այդ եվրասիական փաստաթղթին»: